«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Մեծ գործընթաց է սկսվել, և եթե այս տեմպով երկու ամիս հետո վերջնագծին հասնենք, Հայաստանի ու Թուրքիայի նախագահները Նոբելյան մրցանակ կստանան։ Իհարկե, մենք շատ զգույշ, զգոն պետք է լինենք, քանի որ չունենք Թուրքիայի դարավոր դիվանագիտության փորձը։ Սակայն, այդուհանդերձ, հարաբերությունների կարգավորումը մեր կամ թուրքերի ձեռքին չէ։ Սցենարը գրվել է այլ երկրի կողմից ու կամաց-կամաց իրագործվում է»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված վերջին փաստաթղթի առնչությամբ հայտարարեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ, որը խոսեց և՛ քաղաքական, և՛ մշակութային իրադարձությունների մասին։ «Կարծում եմ` նախագահը կգնա Թուրքիա, երբ շոշափելի արդյունքներ արձանագրվեն։ Ես նույնիսկ չգիտեմ` լա՞վ է, թե՞ վատ, որ սահմանը բացվում է։ Հիմա եթե բոլորս ազգովի գնանք Թուրքիա ֆիստաշկա հավաքելու, ու ոչ ոք հետ չգա, կամ թուրքերն ու քրդերը գան էստեղ տներ առնեն, իհարկե, վատ է»,- հավելեց Գևորգյանցն ու անցավ ոչ քաղաքական հարցերին։
Կինեմատոգրաֆիստների միության նախագահը, որը շուտով միմիայն կանանց մասին պատմող «Կանանց մոլորակը» վավերագրական ֆիլմը հանդիսատեսի դատին կներկայացնի, տեղեկացրեց, որ պետբյուջեից և՛ խաղարկային, և՛ վավերագրական ֆիլմերի համար տրամադրվում է 1 մլն դոլար։ Չնայած այս գումարը բավականին քիչ է, ինչպես նշեց հյուրը, բայց «անգամ Վրաստանը, որ կինեմատոգրաֆիկ երկիր է, նախանձում է մեզ, քանի որ տարեկան բյուջեից ստանում է ընդամենը 200 հազար դոլար»։ Հարկ է նշել, որ նույնիսկ նախանձ առաջացնող հայ կինեմատոգրաֆիան մեր երկրում նախանձի առիթ չի տալիս, որովհետև արդի շրջանում, եթե անգամ նկարահանվում են ֆիլմեր, ապա հեռուստաեթերով չեն ցուցադրվում։ Փոխարենը եթերը ողողված է հեռուստասերիալներով, որոնք, ակումբի բանախոսի կարծիքով, եթե սկզբում սիրողական մակարդակի վրա էին, ու ոչ պրոֆեսիոնալ դերասաններ էի ընդգրկված դրանցում, ապա հիմա մակարդակը բարձրացել է, իսկ դերասաններն էլ ավելի պրոֆեսիոնալ են։ «ՈՒրիշ հարց է, որ այդ սերիալների 85 տոկոսը կարող է և ինձ դուր չգալ, բայց սերիալներն անհրաժեշտ են այն մարդկանց, ովքեր ուզում են պարզ պատմություններ դիտել։ Ամեն օր չես կարող Ֆելինիի, Փարաջանովի ֆիլմերը նայել։ Չեմ կարծում, որ հասուն մարդու վրա դրանք ինչ-որ ազդեցություն կարող են թողնել։ Յուրաքանչյուր ժամանակ իր կնիքն է թողնում արվեստի վրա։ Երբ մտավորականությունը նվազում է, ու գալիս է բիրտ ուժը, արվեստն այլևս չի կարող այդ շրջանակում ստեղծել ռոմանտիկ որևէ գործ»։ Գևորգյանցը դժգոհ է նաև կինոյի հանդեպ պետական քաղաքականությունից. «Էս քսան տարիների ընթացքում որևէ ղեկավար չասաց, թե անհրաժեշտ է ահա այսպիսի ֆիլմ։ Նույն Ղարաբաղի պատերազմի մասին ոչ մեկը ֆիլմ նկարելու պետական պատվեր չի տվել»։ Իր մասնակցությունն էլ «Վրիժառուն» հեռուստասերիալում այսպես պարզաբանեց. «Համաձայնել եմ խաղալ, որովհետև դա միակ սցենարն էր, որտեղ կար կոնկրետ պայքար վատի դեմ»։ Սերիալների ժարգոնային լեզվի մասին շատ տիպիկ օրինակ բերեց Գևորգյանցը. «Ղարաբաղյան պատերազմում կռվողների 90 տոկոսն այն տղաներն էին, ովքեր խոսում էին այդպիսի ժարգոնով։ Իսկ նրանց, ովքեր զտված հայերենով էին խոսում, մատների վրա կարելի էր հաշվել»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ